Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մեջ միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի իշխանությունները տեսան ռազմական հեղաշրջման փորձ: Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
«Բանակը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, նրա գործողությունները թելադրված են նրանով, որ դավաճանական իշխանությունների գործողությունների արդյունքում երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ էր»,- ընդգծեց Բաբայանը:
Նա համոզմունք հայտնեց, որ շուտով ուժային կառույցների մնացած մասը՝ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Դատախազությունը, կմիանան Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջին:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը:
Վարչապետն այս հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ և Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկ ներկայացրեց, սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս չի ստորագրել այն:
Ի դեպ, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հինգշաբթի հայտարարեց, որ Անկարան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը: