Իմ պատկերացմամբ, այն ուժերը, որոնք մարդկանց հրապարակներ են տանում, հանգուցալուծում չեն ուզում։ Չեն ուզում ժողովրդին հարցնել, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Այս մասին «Սիվիլնեթի» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, որը խոսել է Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամի մասին և ներկայացրել իշխող ուժի՝ իրավիճակի հանգուցալուծման պատկերացումը:
«Կարծում եմ՝ այս իրավիճակում անելիք ունեն և՛ կառավարող ուժը, և՛ ընդդիմությունը: Կառավարող ուժը ընդառաջ քայլ արեց երեկ՝ առաջարկելով հանգուցալուծման քննարկումներ սկսել, որի օրինակը արտահերթ ընտրությունը կարող է լինել»,-նշեց նա:
Լենա Նազարյանը նշեց, որ ընդդիմության ներկայացուցիչները պարզապես ուզում են, որ իրենք գոյություն չունենան. «Բայց մեր գոյությունն ինքնանպատակ չէ։ Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք, որովհետև մեզ հետ են կապում Հայաստանում որոշ գործընթացների շարունակակությունը։ Նրանք մեզանից ակնկալիքներ ու պահանջներ ունեն։ Հիմա ի՞նչ անել։ Այդ մարդկանց հետ ինչպես վարվել: Մեր առաջարկն է գնալ կառուցողական ճանապարհով: Եթե իրենց առաջարկը հրաժարականն է, ապա մերը ընտրություններն են»:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին ու դիտարկմանը, որ «Իսկանդերի» մասին վարչապետ Նիկոլ հայտարարությունը խնդիր է ստեղծել ոչ միայն ներսում, այլև՝ դրսում, նա շեշտեց.
«Համապատասխան կառույցները պետք է արձագանքեն: Չեմ կարծում, որ դրանով հայ-ռուսական հարաբերությունները մեծ վնաս են կրել: Չի կարող երկար տարիների հիմնավոր համագործակցությունը վնաս կրել արտահայտություններից»: