ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում են պետական գնումների պլանավորման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման կարգերը:
Օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում տեխնիկական փոփոխություններ են արվել, որոնք բովանդակության վրա չեն ազդում:
«Այս օրենքի միջոցով մենք հնարավորություն ենք ստեղծում գնումների կազմակերպման, կառավարման գործընթացում հանրային վերահսկողություն իրականացնել մրցույթի մասնակցի կողմից, ԶԼՄ-ի կողմից և ՀԿ-ների կողմից: Եվ, ըստ էության, շատ էականորեն կրճատում ենք հնարավորությունը, որ կարող են մրցույթը հաղթողի և ապրանքը ընդունողի միջև կոռուպցիոն ռիսկեր և պայմանավորվածություններ առաջանալ, և դրա հետևանքով պետությանը պատճառվել էական վնաս։ «Գնումների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով ուզում ենք չեզոքացնել կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց իշխանական պատգամավորը։
Գևորգ Պապոյանն ընդգծեց, որ օրենքի նախագծով նպատակ ունեն հանրային վերահսկողության նոր մեխանիզմ ներդնել՝ մեծացնելով թափանցիկությունը պետական գնումների հանդեպ։
«Հնարավորություն ենք տալիս փարատել բոլոր կասկածները, որոնք կարող են լինել գնումների հանդեպ՝ ամենաշահագրգիռ ու մասնագիտացված մարմինների միջոցով: Առաջարկում ենք, որ ընդունման-հանձնման գործընթացին մասնակից դառնան նաև այն պարտվող մասնակիցը կամ մասնակիցները, որոնք, օրինակ, ավելի բարձր գին սահմանելու պատճառով չեն հաղթել»,-ասաց նա։
Օրենքի համահեղինակը նաև նշեց, որ նախագծով սահմանվում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: