«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խնդրեց ապացույցներ ներկայացնել մարտի 1-ին Հանրապետության հրապարակում վարչապետի կողմից արված այն հայտարարության մասին, որ ԳՇ պետն իր հայտնի հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի հրամանով: Մարուքյանը հետաքրքրվեց, թե չի՞ պատրաստվում Փաշինյանը Գլխավոր շտաբ գնալ, նստել ու խոսել գեներալների հետ:
Չնայած հարցն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, բայց պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանն արդեն խոսել է այդ մասին, հավելյալ պարզաբանման անհրաժեշտություն չկա։
«Պետք է ուղղակի ի գիտություն ընդունել այն հայտարարությունները, որոնք արվել են մարտի 1-ին»,- արձագանքեց փոխվարչապետը։
Էդմոն Մարուքյանը զարմացով, որ վարչապետը ներկա է նիստին, բայց հարցին պատասխանում է փոխվարչապետը։
«Վաղը կարող է ասվել, որ Արարատ Միրզոյանը կամ Տիգրան Ավինյանն են Սերժ Սարգսյանի հրահանգով ինչ-որ բան արել։ Եթե բան եք ասել, ապացուցեք ձեր ասածը։ Եթե այն առանց փաստական հիմքի հայտարարություն է, արձանագրենք և անցնենք առաջ»,-նկատեց խորհրդարանական ուժի ղեկավարը։
Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այդ հայտարարությունն անարձագանք չի մնացել, Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ հայտարարություններ են արել․ «Եթե հարկ լիներ ավելի մանրամասնել, վարչապետը դա կաներ, եթե հարկ լինի, ապագայում կանի»:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ին հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վարչապետի և կառավարության հրաժարականն է պահանջում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դրդմամբ։՛