Երկրում ներքաղաքական ճգնաժամ առկա է, և դրա լուծման համար մենք հայտարարել ենք՝ պատրաստ ենք լինել բավական ճկուն։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիտարկմանը, որ երկրում ճգնաժամ է, և ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը այս ճգնաժամից դուրս գալու համար։
«Առաջարկել էինք կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրան զուգահեռ առաջարկել ենք նաև քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը և կիսանախագահական կառավարման համակարգին վերադարձի հարցը։ Պատրաստակամ ենք խորհրդարանական ընդդիմության հետ այդ քննարկումներն իրականացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու», – ասաց Ավինյանը։
Փոխվարչապետը վստահեցրեց, որ առաջին հերթին իրենք են շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի։ Նա ընդգծեց, որ պատրաստ են նախաձեռնելու քննարկումներ, որոնք կհանգուցալուծեն ներքաղաքական ճգնաժամը։
Բացի այս, փոխվարչապետը նշեց, որ այն լուծումները, որոնք առաջարկվել են թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդանական ընդդիմության կողմից, նոր ճգնաժամերի ականներ են պարունակում։