Ես ցուցմունք չեմ տալու։ Հարցաքննության մտնելուց առաջ Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նրա պնդմամբ՝ ասել է նախադասություններ, որոնք կարող են իրավաբանները մեկնաբանել՝ թե ինչ են նշանակում։
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ իրեն առաջադրված մեղադրանքն իսկական քաղաքական հետապնդում է: Ըստ ընդդիմության առաջնորդի՝ մեր երկրում վերջին երկուսուկես տարվա ընթացքում գոնե ամիսը մեկ խախտվում է Սահմանադրությունը, խախտվում են հիմնական օրենքները, ըստ որում՝ երկրի ղեկավարի կողմից։
Վազգեն Մանուկյանը նաև նշեց, թե եթե իրեն կալանավորեն, միևնույն է, շարժումը շարունակվելու է: Համոզված է՝ իրեն կալանավորելու դեպքում կան հազարավոր մարդիկ, որոնք կշարունակեն շարժումը։ Նա Հայրենիքի փրկության համար սկսած պայքարն իր քմահաճույքը չի համարում։
«Մեկ բան է հայտնի՝ սա համաժողովրդական կոչ է՝ ինքը պետք է հեռանա: Սա համաժողովրդական պահանջ է և փրկության միակ ելքը։ Ինձ կկալանավորե՞ն, թե՞ չեն կալանավորի, քրեական գործ կհարուցե՞ն, թե՞ չեն հարուցի, երկրորդական է։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ գործն ավարտին հասնի՝ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Կալանավորեն ի՞նչ․ կկալանավորեն մի քանի օր կամ մի քանի ամիս կհանգստանամ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել էր ծանուցագիր, որից պարզ էր դարձել, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և որոշում է կայացվել է Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։
Իսկ ընդդիմության վարչապետի թեկնածուն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։