ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է զրուցակցին այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը:
Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:
Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա: Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ: