Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է․
«Որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե, իբր, նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում, ակնհայտ սուտ է և ապատեղեկատվություն: Նախագահ Սարգսյանը ո՛չ այդ օրը, ո՛չ որևէ այլ օր, չի եղել Բաքվում:
Ինչ վերաբերում է 2020թ. նոյեմբերի 17-ին, ապա այդ օրը նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում, Երևանում, Հանրապետության նախագահի նստավայրում իր աշխատանքային ժամանակացույցով նախատեսված հանդիպումների շրջանակում ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերին: Վերջինս նախագահ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը:
Հորդորում ենք մեր գործընկերներին ձեռնպահ մնալ անհեթեթ, ակնհայտ սուտ տեղեկատվություն և անհայտ ծագման անձանց կեղծ հայտարարությունները տարածելուց»։