Սիրելի՛ ժողովուրդ, ձեր անունը շահարկելով՝ այս ամբիոնից հերթական սխալ քայլն է արվում։ ԸՕ-ն այսպես ընդունելով՝ այսօրվանից կասկածի տակ է դրվում հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը։ Այս մասին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ես պաշտոնապես եմ հայտարարում, որ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունն այլևս կասկածի տակ է, որովհետև կանոններ են փոխվում։ Սիրելի՛ ժողովուրդ, ձեզ զրկել են ՀՀ նախագահ, Երևանի քաղաքապետ, Գյումրիի, Վանաձորի քաղաքապետ ընտրելու իրավունքից»,-ասաց նա։
Իր խոսքն ուղղելով «Իմ քայլը» խմբակցությանը՝ նա շեշտեց․ «Դուք ձեր ընտրած ԸՕ-ով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը։ Սա ձեր ավարտն է լինելու»։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի հեղինակներն են անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաև «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանն ու Համազասպ Դանիելյանը։