«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության նորահայտ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, պարզվում է, մինչեւ Լոռու մարզի դատավոր նշանակվելը աշխատել է ոստիկանական համակարգում: Անդրանիկ Սիմոնյանը բավականին երիտասարդ է, ընդամենը 31 տարեկան, սակայն Արգիշտի Քյարամյանի օրինակով արդեն հասցրել է տարբեր պաշտոններ զբաղեցնել:
Նա 2009-2012 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնում նախ որպես տեսուչ, ապա ավագ տեսուչ, նաեւ օպերլիազոր: Ապա չորս տարի եղել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ: Արդեն 2020 թվականի հունիսի 22-ին նա նշանակվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Պաշտոնական կենսագրության համաձայն՝ Անդրանիկ Սիմոնյանը սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում եւ Կառավարման ակադեմիայում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» 2018-ի նախընտրական ցուցակը հիմնականում կազմված էր բարձրաստիճան պաշտոնյաներից՝ հիերարխիկ սկզբունքով։ Նիկոլ Փաշինյանին հաջորդում էր Արարատ Միրզոյանը, առաջին կինը Լենա Նազարյանն էր, ապա` փոխվարչապետ Տիգրան Ավինյան, Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան, Սասուն Միքայելյան, Լիլիթ Մակունց, Սուրեն Պապիկյան, Զարուհի Բաթոյան, Էդուարդ Աղաջանյան, Ռուբեն Ռուբինյան, Ռոմանոս Պետրոսյան…
Մինչդեռ 2017-ին ներկուսակցական քվեարկություններ էին կազմակերպում եւ այլն։ Այս անգամ եւս ցուցակը կազմելու է առաջնորդը՝ միանձնյա, եւ այն արտացոլելու է նրա գոհ կամ դժգոհ լինելը թիմակցից»։
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, դեռ վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն արդեն կազմել է արտահերթ ընտրություններին մասնակցության իր թիմի նախընտրական ցուցակը, սակայն, թե ովքեր են ընդգրկված այնտեղ, անգամ ամենամտերիմների հետ չի կիսվում:
Սա առիթ է դարձել իշխող ուժի ներսում հիստերիկ ջղաձգումների, քանի որ արդեն իսկ ակնարկներ են արվում, որ ցուցակը բավականին մեծ փոփոխությունների է ենթարկվել, հատկապես գործադիրում այսօր տեղավորված ՔՊ-ականների մասով: Ստեղծված անորոշ իրավիճակով պայմանավորված՝ վերին օղակներից ոմանք արդեն իսկ ապաստան են փնտրում կա՛մ որեւէ կուսակցությունում, կա՛մ, պարզապես, արտերկրում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում որոշ շրջանակներ համոզված են, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու նաև Արցախում: Մասնավորապես՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները վստահ են, որ եթե հայաստանյան խորհրդարանական ընտրություններում գործող իշխանությունը պարտություն կրի, ապա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ինքնաբերաբար հրաժարական կտա, կլուծարվի նաև խորհրդարանը, և տեղի կունենան թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրություններ»: