Ընտրական օրենսգրքի շուրջ պայմանավորվածություն չի եղել։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ միակ պայմանավորվածությունն արտահերթ ընտրություններ անցկացնելն է։ ԼՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց՝ իրենք որևէ առիթ չեն տալու իշխանությանը, որ ինչ-որ պահից նահանջ լինի այդ օրակարգից։
Անի Սամսոնյանը նկատեց, որ հիմա ընտրական ցուցակ պատրաստելը սխալ է: Նրա խոսքով՝ նախ վարչապետը պետք է հրաժարական տա, հասկանան՝ արդյո՞ք արտահերթ ընտրությունները լինելու են:
«Ոչինչ չենք բացառում, բայց միևնույն ժամանակ, եթե որևէ մեկի հետ պայմանավորվածություն ես ձեռք բերում, սխալ խոսակցություններ են՝ սկսել մտածել, որ նա կխախտի այդ պայմանավորվածությունը»,- նշեց նա։
Պատգամավորը նաև ավելացնում է՝ եթե գնում են արտահերթ ընտրությունների, տրամաբանական չէ այլ գործողություններ անել, այդ թվում՝ վարչապետի թեկնածու առաջադրել:
Անի Սամսոնյանի պնդմամբ՝ ԼՀԿ-ն չի գնում ընտրությունների միայն մի քանի պատգամավորական մանդատ վերցնելու համար:
«Մենք պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, և ամեն քաղաքական ուժի խնդիրն է լինելու համոզել այն 47 տոկոսին, որոնք չգիտեն՝ ում պետք է ընտրեն»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին նախատեսված է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։