Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 7-ին կայանալիք հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի խնդիրների լուծմանն ուղղված քայլերը եւ ինտեգրացիոն գործընթացները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում։ Նախատեսվում է քննարկել 2020թ.նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը, մասնավորապես, Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում», – ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցերը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը եւ Հայաստանի ընտրությունները: