Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ երկրում իրավիճակն անբավարար է: Այդ մասին նա հայտարարել է «Պոզներ» հաղորդման եթերում:
Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս նա կգնահատեր իրավիճակը 20-բալանոց համակարգով՝ Քոչարյանը նշել է, որ կնշանակեր երեք:
-Այդքան անբավարա՞ր:
– Այդքան:
Հարցին՝ եթե ամեն ինչ այդքան վատ է, երևի, դա պայմանավորված է բազմաթիվ բաներով, նախկին նախագահը նշել է. «Նախ հետպատերազմական իրավիճակը, ապա պատերազմում ծանր պարտությունը, հասարակության հոգեբանական անկումը, խորին ապատիան, տնտեսությունում և կառավարման ոլորտում խնդիրները»:
Խոսելով Հայաստանում անցկացվելիք ընտրությունների մասին Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը:
«Ես 10 տարի ղեկավարել եմ երկիրը, սակայն անկուսակցական եմ: Ես կմասնակցեմ՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը, ամենայն հավանականությամբ, դա կլինի երկու կուսակցություն»,- ասել է նա, սակայն չի նշել, թե որ կուսակցություններն են դաշինք ստեղծելու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: