Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքները գալիս են Թուրքիայից:
«Մեզ համար սա էքզիստենցիալ, պատմական սպառնալիք է: Թուրքիան հայերի կողմից ընկալվում է որպես սպառնալիք, մենք էլ թուրքերի կողմից ենք ընկալվում որպես սպառնալիք, սա բացատրվում է փակ սահմանով, դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ:
Սպառնալիքն այն է, որ Թուրքիան սահմանը բացելիս ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը վերածվի Աջարիայի՝ բիզնեսի և տնտեսության մեջ իր ներկայության առումով: Ես այստեղ որոշակի վտանգ եմ տեսնում»,- ասել է Քոչարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի պատմական ուղղվածությունը դեպի Ռուսաստան նյարդայնացնում է ոչ միայն Թուրքիային, այլև ամերիկացիներին:
«Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածությունները փոխելու առումով Հայաստանում շատ ակտիվ ուժեր են աշխատում, որոնք փորձում են բորբոքել հարաբերությունները, և այժմ նրանք մեղադրում են Ռուսաստանին այն բանի համար, որ մենք պարտվել ենք»,- ասաց նախկին նախագահը՝ նշելով, որ Հայաստանը փոքր է և հարուստ չէ, բայց նրա աշխարհագրությունն ակնհայտորեն որոշակի ուշադրություն է գրավում:
Քոչարյանը նշել է, որ Ռուսաստանի ենթադրյալ դավաճանության թեման բարձրաձայնվում է երկար ժամանակ, նույնիսկ պատերազմից առաջ, հիմնականում այն ուժերի կողմից, որոնք դժգոհ են Հայաստանի ռուսական կողմնորոշումից:
«Իհարկե այդպես չէ: Ռուսաստանը չէ, որ հրահրել է այս պատերազմը, նա արել է հնարավորը՝ այն կասեցնելու համար: Հոկտեմբերի 19-ին կար Ռուսաստանի նախագահի հայտնի առաջարկը, որը հայկական կողմից մերժվեց, այսինքն՝ պատերազմը բոլորովին այլ դասավորվածությամբ դադարեցնելու հնարավորություն կար, և ՀՀ վարչապետը որոշում կայացնելու պատասխանատվություն չվերցրեց», – ասաց նա:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է ասել, որ առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության, ամենայն հավանականությամբ, պատերազմի արդյունքում ամբողջ Ղարաբաղը կզավթվեր Ադրբեջանի կողմից, Քոչարյանն ասաց. «Եթե չլիներ Ռուսաստանի նախագահի անձնական ակտիվ միջամտությունը, դա միանգամայն հնարավոր էր»:
Քոչարյանը մեկնաբանեց նաև Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը: «Դե, նրանք ուրիշից կգնեին»,- ասաց նախկին նախագահը՝ պատասխանելով այս հարցին:
Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ ինքը երբեք չի թաքցնում իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ:
«Իմ նախագահության տարիներին շատ բան է արվել` Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև կապերն ամրապնդելու համար: Արտաքին քաղաքականության հարցում դիրքորոշումը պետք է լինի հստակ և հասկանալի: Ի դեպ, ես երբեք չեմ փորձել այս առումով խաղալ բոլոր երանգներով կամ բոլոր ճակատներում, կարծում եմ, որ երկրի համար որոշակիությունը, կանխատեսելիությունը, հասկանալիությունը շատ կարևոր հատկություններ են, սա այն է, որն այժմ չկա»,- ասել է Քոչարյանը։