Ապրիլի 7-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետը նախատեսում է քննարկել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խնդիրները:
Այս մասին Փաշինյանն ասել է РИА Новости-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ օրակարգում ընդգրկված կլինեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր: Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի զինված ուժերում արդեն սկսվել են լայնածավալ բարեփոխումներ, որոնք նույնպես իրականացվում են ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:
«Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի, որով շատ հետաքրքրված է Հայաստանի կառավարությունը»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին կմեկնի Մոսկվա։ Այդ օրը նա կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը և Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրությունները: