«Վերածնվող Հայաստան»-ը պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավո՞ր է դաշինք կազմի։
Նրա խոսքով՝ դեռ դաշինքով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում չունեն և այս պահի դրությամբ մտադիր են մասնակցել առանձին։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կմասնակցի հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ կուսակցությունների դաշինքի ղեկավարի կարգավիճակով։
Նշենք, որ մամուլի տեղեկություններով՝ դաշինքի կազմում ամենայն հավանականությամբ երկու կուսակցություն կլինի․ մեկը՝ ՀՅԴ-ն է, երկրորդը՝ Վահե Հակոբյանի նորաստեղծ «Վերածնվող Հայաստան»-ը, որի վարչության կազմում են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը, Տաթեւի նախկին քաղաքապետ Մուրադ Սիմոնյանը։
Ի դեպ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն Armenia Today-ի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր դաշինք կազմելու հարցին ի պատասխան ասել էր, թե իրենց օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարց չկա։