Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնակոչ համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւը, որը նաեւ ԵԽԽՎ պատգամավոր է, հայտարարել է, որ առաջիկայում իրենք Ստեփանակերտում իրենց համայնքի գրասենյակն են բացելու։ Այս մասին հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Դե, եթե Ալիևը միջազգային ներդրողներ է հրավիրում Զանգեզուր, Էրդողանը հայտարարում է, որ եթե հայերը խելոք մնան՝ իրենց համար էլ լավ կլինի, եթե Մեհրիբանը սվաղչիներին սովորեցնում է ոնց ջնջել հայկականությունը մեր եկեղեցիներից, էս ֆոնին Թուրալն էլ Ստեփանակերտում գրասենյակ բացելու սպառնալիք պիտի հնչեցնի։
Ու հանկարծ չզարմանաք, որ մի X օր Ստեփանակերտի X փողոցում կարդաք՝ Թուրալ Գյանջալիեւի գրասենյակ։
Որովհետեւ մեզ հետ ապրող թրքասերներները դեռ շատ վաղուց ու շատ հետեւողական բացել էին Օվերտոնի բոլոր պատուհանները։
Ու հիմա արդեն Օվերտոնի պատուհան չի, թրքահպատակները Օվերտոնի «սկվազնյակ» են անում»,- գրել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 6-ին, Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանն էր անդրադարձել Գյանջալիևի նույն հայտարարությանը՝ ասելով, որ ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա, սակայն ոչ իրական կյանքում:
Հիշեցնենք, որ Թուրալ Գյանջալիևը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել էր, որ Ստեփանակերտում գրասենյակի տեղ է փնտրում: