Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն։ Բավական է նշել, որ Հայաստանի տնտեսության մեջ կապիտալ ներդրումների 40%-ը ռուսական ծագում ունի:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պաշտոնական մասը:
«Միևնույն ժամանակ, անցյալ տարի, տարբեր պատճառներից ելնելով, առաջին հերթին կորոնավիրուսի համավարակի հետ կապված, մենք տեսնում ենք մի փոքր անկում: Համոզված եմ, որ շատ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն վերականգնել այս ծավալը, այլև առաջ շարժվել», – նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ Ռուսաստանի ղեկավարը նշեց, որ ամենակարևոր բաղադրիչը տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է։
«Հուսով եմ, որ այս բոլոր խնդիրները, ինչպես նաև առկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող այլ հարցեր, մենք այսօր կկարողանանք քննարկել», – եզրափակել է Ռուսաստանի նախագահը: