Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում դառնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության գլխավոր գործոն:
Ապրիլի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցանկանում եմ ընդգծել Ձեր ներդրումը մեր տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում՝ հատկապես պատերազմից հետո: Ցանկանում եմ ընդգծել, որ այս կոնտեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ այս պահը լուծված չէ:
Խոսքը ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցի մասին է: Ինչպես քանիցս քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության՝ բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող այլ անձինք պետք է վերադառնան հայրենիք:
Ցավոք, մենք դեռևս պահվող անձինք ունենք Ադրբեջանում: Ես շատ ուրախ եմ, որ այս հարցը լուծելու հարցում մենք տարընթերցումներ չունենք»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը մեկ անգամ ևս նշեց Ռուսաստանի նախագահի ներդրումը տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու գործում: Նա կարեւորեց Լեռնային Ղարաբաղի ապագայի հստակեցումը:
ՀՀ կառավարության ղեկավարը մատնանշեց երկկողմ տնտեսական համագործակցությունը՝ շեշտելով Ռուսաստանի ռազմավարական ներդրումների կարևորությունը Հայաստանի տնտեսության մեջ: Նա նաեւ հայտարարեց, որ մտադիր է ՌԴ նախագահի հետ քննարկել Հայաստանում Ռուսաստանի մասնակցությամբ նոր ատոմակայանի կառուցման հարցը:
«Մենք նաև սերտորեն աշխատում ենք կորոնավիրուսային համաճարակին հակազդելու խնդրի շուրջ: Վաղը կստացվի Sputnik V ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար չափաբաժնով, ինչը, հուսով եմ՝ կօգնի COVID-19- ի դեմ պայքարին»,- ասաց վարչապետը: