«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելության հաջորդ կանգառը կլինի Արարատի կամ Արմավիրի մարզը, մինչ այդ ՀՓՇ կազմակերպչական հանձնաժողովը նիստ կանի եւ կքննարկի Սեւանի պատկերից խուսափելու տարբերակները։ Բանն այն է, որ նախօրեին Սեւան այցը չի արդարացրել նրանց սպասելիքները, շատ սակավամարդ է եղել։ Ոմանք կարծում են, որ աշխատանքային ժամերը լավագույնը չեն նման հանդիպումների համար, մարդիկ իրենց գործին են, դրան գումարած՝ գյուղատնտեսական սեզոնն է բացվել, եւ երեկոյան են դաշտերից տուն վերադառնում»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և վիճարկել Հայաստանի Սահմանադրական դատարանի և ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն ու վճիռները, որոնց արդյունքում Մարտի 1-ի գործը ներհայաստանյան իրավական տիրույթում փակվեց: Տուժողների ներկայացուցիչները սա համարում են շատ վատ նախադեպ, քանի որ ստացվում է, որ սպանվել է 8 խաղաղ ցուցարար և 2 իրավապահ, սակայն դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից 6 ամիս անց Հայաստանն ապահով առաջնագիծ չունի: Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի նոր սահմանները չունեն անգամ տարրական կահավորում, հայ զինծառայողները սահմանը պահում են սարերի վրա՝ առանց խրամատների եւ պաշտպանվելու համար նվազագույն պայմանների: Եվ այս իրավիճակը խոսում է Պաշտպանության նախարարության, նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ ԶՈւ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի անգործության մասին: Մասնավորապես, պատերազմի ավարտից մինչ այսօր առաջնագծում ինժեներատեխնիկական որեւէ աշխատանք չի կատարվել»:
«Փաստ» թերթը գրում է. «Հանրապետության ողջ տարածքում նախորդ տարվա մարտից բուժաշխատողները ուժերի գերլարումով պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։ Բացի դրանից, սեպտեմբերից, պայմանավորված պատերազմական իրավիճակով, նրանք դարձյալ մեծ ծավալի աշխատանք են կատարել։ Այժմ կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշները դարձյալ աճ են գրանցում՝ նոր լարվածություն առաջացնելով առողջապահական համակարգում: «Փաստ» թերթը հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե նշյալ համատեքստում բուժաշխատողները (խոսքը բոլոր օղակների բուժաշխատողների մասին է) ստացե՞լ են հավելավճարներ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա 2020 թվականի մարտի 1-ից քանի՞ անգամ և ի՞նչ չափով»: