Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, մասնակցել ԳԱԱ խորհրդի նիստին: Այն հրավիրվել է Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդի անդամների տեսակետները լսելու նպատակով: Այս մասին հայտնում են նախագահականից։
«Ինքս եմ խնդրել այս հանդիպումը, որի նպատակը շատ կոնկրետ է՝ կապված օրենքի հետ, որն այսօր իմ սեղանին է»,- դիմելով նիստի մասնակիցներին՝ ասել է նախագահ Սարգսյանը: Ես հանդիպել եմ գիտության և կրթության ոլորտի մի շարք գործիչների հետ, հանդիպելու եմ համալսարանական ռեկտորների ու առանձին դասախոսների հետ: Հանդիպել եմ նախարարին և, վերջնական որոշում ընդունելուց առաջ, կուզեի լսել ձեր կարծիքը»,- ասել է Սարգսյանը և շեշտել, որ մենք շատ անելիք ունենք, որպեսզի մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, և դրա ճանապարհը գիտությունն ու կրթությունն են:
Նիստի ընթացքում ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և խորհրդի անդամներն իրենց մտահոգություններն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:
«Կրթությունը, գիտությունը և նորարարությունը համաչափ չեն ներկայացված: Դրույթները հիմնականում վերաբերում են բարձրագույն կրթությանը, մինչդեռ գիտական և գիտատեխնիկական գործունեությանը վերաբերող դրույթները սակավաթիվ են, ոչ կոնկրետ և հպանցիկ: Հստակ բացահայտված չեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական արդյունավետ համակարգի ստեղծման գործընթացի ուղիներն ու մեխանիզմները»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:
Ակադեմիկոսները ներկայացրել են իրենց մտահոգող բազմաթիվ այլ հարցեր: Հանրապետության նախագահի աշխատակազմին են փոխանցվել ԳԱԱ առաջարկությունները: