Սահմանադրական դատարանի 8 դատավորները, որոնք կայացրել են 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը, պատասխանատվություն կրո՞ւմ են այդ գործի 80 հատորի համար․․․ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նրա կարծիքով՝ այդ 8 դատավորի պատճառով հասարակությունն այդպես էլ չիմացավ՝ գործը բացված է, թե ոչ։
Դիտարկմանը, թե հենց իրենք են ընտրել այդ դատավորներին, պատգամավորն ասաց՝ ոչ բոլորին, միայն 3-ին։
«Մյուս 5-ն այս խնդրին պատրաստված էին՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, բայց սահմանադրությունը ՍԴ-ին տալիս է իրավասություն՝ ցանկացած հոդված ենթարկել փորձաքննության։
Իմ տպավորությունն այնպիսին է, որ եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրեին խուլիգանության համար, այդ հոդվածը կդիտվեր հակասահմանադրական։ Ո՞վ է որոշելու՝ 300․1 հոդվածն իրո՞ք հակասահմանադրական է, թե՞ Հրայր Թովմասյանի ճաշակով է և կապված է Քոչարյանի հետ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Բայց չէ՞ որ այդ հոդվածը տարիներ շարունակ իրենք են դրել, նույն Հրայր Թովմասյանը, Դավիթ Հարությունյանը․․․ Պատգամավորը նշեց, որ բոլորը սահմանադրությունն անընդհատ փոխում էին՝ ըստ ճաշակի։
Հայաստանում, ըստ էության, բոլորի ձեռքերն ազատ են սահմանադրության հետ վարվելու այնպես, ինչպես ուզում են։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 6-ին հրապարակեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը վերացնելու պաշտպանական կողմից միջնորդության վերաբերյալ որոշումը։
Նշենք, որ ավելի վաղ պաշտպանական կողմը միջնորդել էր կիրառել ՍԴ որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել 300․1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը), ինչպես նաև իրենց պաշտպանյալների նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը և հանել խափանման միջոցը։
Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովն արդարացվեցին, քանի որ վերջիններիս նկատմամբ մեղադրանք է առաջադրված եղել միայն 300․1 հոդվածով։
«Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը արդարացվածների կարգավիճակ են ձեռքբերում միայն իրենց առաջադրված այն մեղադրանքների համապատասխան մասերով, որոնցով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։