Դոնբասում Կիևի իշխանությունների կողմից լայնածավալ ռազմական գործողությունների սանձազերծումը Ուկրաինայի համար վերջի սկիզբ կդառնա։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի խոսքերը։
Նա նշել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել Դոնբասի տարածքում բնակվող իր քաղաքացիներին։
«Այսօր ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի բռնկում կլինի։ Եթե լինի այնպես, ինչպես մեր նախագահն է ասում՝ Սրեբրենիցայի նման, ապա մենք, հավանաբար, ստիպված կլինենք պաշտպանել տեղի բնակիչներին»,-ասել է նա։
Կոզակի խոսքով, ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, չի դրդում Զելենսկուն Դոնբասում հակամարտության սրման գնալ։
«Իհարկե, այսպես ասած, այդ երիտասարդների համար ցանկացած արտաքին աջակցություն նշանակություն ունի, բայց այն որոշիչ չէ։ Միևնույն է, նրանք առաջնորդվում են ներքաղաքական նկատառումներով»-ասել է նա։ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Դոնբաս դժվար թե Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրման հանգեցնի, բայց Կիևը, իր խոսքերով, «լուցկու հետ է խաղում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ժամանել է Դոնբաս, որտեղ մտադիր է այցելել բանակի առաջնային դիրքեր և հանդիպել ուկրաինացի զինծառայողների հետ: