«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է 2021թ․ առաջին եռամսյակում քաղաքապետարանի աշխատակիցների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների պարգեւատրումների ցուցակը։ Պարզվում է՝ հետպատերազմական Հայաստանում էլ կարելի է շռայլություններ թույլ տալ եւ որոշ պաշտոնյաների 100 տոկոսի չափով եւ նույնիսկ ավելի պարգեւատրել։ Ընդհանուր թվով պարգեւատրումը կազմել է 70 մլն 168 հազար 582 դրամ։
Ցուցակում տեսնում ենք, որ փոխքաղաքապետերը պարգեւատրվել են 1 մլն 440 հազար դրամով, բացառությամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, ում պարգեւատրումը 722 հազար է կազմել։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, բոլոր թաղապետերը 840 հազարական դրամով են պարգեւատրվել»։
«Իրավունք» թերթը գրում է. «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն առավել հայտնի է որպես իշխանական ֆեյքերի ՊՈԱԿ անունով, կրկին մնաց առանց տնօրենի: Մինասյանն ազատվել է վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից՝ իր մեկնաբանմամբ անձնական պատճառներով, իսկ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների՝ ՔՊ-ում կադրային ռեբրենդինգ է սկսվել: Խնդիր է դրված ազատվել նրանցից, ովքեր համարվում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բերած կադրերը, որոնցից էր նաեւ Լիլի Մինասյանը: Եվ ընդհանրապես Արարատ Միրզոյանին սկսել են թիմում յուրային չընկալել՝ իզոլացնելով իրենց շարքերից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանը իր իրավունքների համար Եվրադատարանում կռիվ տալուց հետո հաղթել է: Պետությունը նրան բավականին կլորիկ գումար է տվել՝ որպես ոտնահարված ու խախտված իրավունքների փոխհատուցում: Գագիկ Ջհանգիրյանը պետությունից ստացված գումարները երեկ վերցրել է ու գնացել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին անձամբ տվել է երկու միլիոն դրամ գումար՝ խոստանալով, որ օրերս էլի է նվիրաբերելու որոշ գումարներ՝ արդեն անհատապես վերականգնողական կենտրոնում բուժվողների համար, նրանց անունով: Այսպիսով, մի շարք դատավորների, քննիչների ու դատախազների պատճառով մեր երկիրը պարտվել է Եվրադատարանում»:
«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում, կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել իրենց, իբր պատրաստվում են ինչ-որ գործարքներ իրականացնել՝ ինչ-որ նպատակներով: «Ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր շուկան ավելի քան 15 օր վտանգված էր, եւ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել Կարմիր շուկան: Մենք Կարմիր շուկայում 150 տուն ենք կառուցում, եւ այդ մարդիկ մեզ մեղադրում են, որ Կարմիր շուկան պատրաստվում ենք հանձնել», – ասել էր Հարությունյանը»։