Բաքվից վերադարձած ինքնաթիռում եղել է գեներալ Ռուստամ Մուրադովը։ Դա նշանակում է, որ եղել են որոշակի պարտավորություններ, որոնք խախտվել են։ Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ իրեն հայտնի չեն հստակ պատճառներ, թե ինչո՞ւ գերիների վերադարձը խափանվեց։
«Երևի հերթական անգամ խաղի կանոններ են ուզում փոխել։ Գերիներին պահում են՝ Հայաստանում լարվածություն առաջացնելու համար,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ դա տարածքների հետ որևէ կապ չի կարող ունենալ, քանի որ գերիներով չէ, որ տարածքային խնդիր կարող են քննարկել։
Նա նշեց, որ գերիների խնդիրն իրողություն է, որը պետք է լուծել, առաջին պատերազմից հետո նույնպես եղել են այդպիսի խնդիրներ, բայց այն ժամանակ դա քաղաքական պարտադրանքների լեզվով չի իրականացվել։
«Ես ասում էի, որ գերիների հարցը նուրբ հարց է, և պետք է այդ հարցն այնպես իրացվի, որ հակառակորդը դա չընկալի որպես մեր երկրի դեմ քաղաքական գործողությունների թատերաբեմ»,- ասաց Քոչարյանը։
Լրագրողների հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ ինքնաթիռով Հայաստան է ժամանել ադրբեջանական պատվիրակություն, Քոչարյանը բարկությանբ նշեց, որ տելեգրամյան ալիքներով տարածվող իրականությունը բոլորովին տարբեր է առկա իրողություններից։
Երեկ ամբողջ օրը, ինչպես նշեց Քոչարյանը, իրենք մասնակից են եղել օտար խաղերի։ Ինքը միայն ինտուիցիայով է հասկանում, թե ինչ է կատարվում, բայց որպես Պաշտպանության հանձնաժողովի ղեկավար, չի կարող հնչեցնել։
Հիշեցնենք, որ երեկ Բաքվից ժամանած ինքնաթիռում Գեներալ Մուրադովն էր՝ առանց գերիների։ Գերիների վերադարձման բանակցությունները ձախողվել էին․․․