Իրականում գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն չի եղել, հույս ենք ունեցել, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Տեղի ունեցածը բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, ինչն ընդունելի է։ Բարձրաստիճան որևէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ, ես համարում եմ, որ նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից և ծնողներից»,- նշել է նա և կրկին շեշտել, որ ապատեղեկատվություն է տարածվել։
Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որոնց համաձայն՝ Հայաստան պետք է վերադառնար գերիների հերթական խումբ։ Սակայն, Բաքվից ինքնաթիռը դատարկ էր վերադարձել։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում տարածեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտարարելով, որ գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվել է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։