Ադրբեջանը քաղաքականացնում է գերիների վերադարձի խնդիրը։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ Նա հակառակորդ պետության այս քայլն անթույլատրելի է համարում։
Իշխանական պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանի համար հայ գերիներին պահելը պետք է դառնա միջազգային գլխացավանք:
«Մենք ամեն ձևով պետք է աշխատենք այդ ուղղությամբ՝ խորհրդարանական դիվանագիտություն, Արտաքին գործերի նախարարություն: Մենք իսկապես շատ ակտիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ: Ադրբեջանն այդ հարցը քաղաքականացնում է, և մեր խնդիրն է դուրս բերել այդ հարցը քաղաքականությունից: Դա մարդասիրական պարտավորությունն է Ադրբեջանի, ինքը պարտավորվել է դա անել»,- նկատեց պատգամավորը։
Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանը մինչև պատերազմը միշտ էլ խոսել է, որ պատրաստ է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, հսկայական ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ:
«Իսկ թե ինչու մենք ավելի ինտենսիվորեն չէինք պատրաստվում հնարավոր ռիսկերի, պատերազմական գործողությունների կանխարգելմանը՝ դժվարանում եմ ասել։ Սակայն նշեմ՝ Ալիևը երեկ էլ ևս մեկ անգամ խոստովանեց, որ չէր պատրաստվում խաղաղության, այլ պատրաստվում էր պատերազմի»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Բաքվում բացվել է «պուրակ», որտեղ ցուցադրվել են Արցախյան 44-օրյա պատերազմի ցուցանմուշներ: