Ադրբեջանի հետ գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից և այդ պայմանավորվածությունն ուժի մեջ է ամեն օր, ամեն պահի։ Եվ պետք է արձանագրել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը։ Այս մասին ապրիլի 14-ին տեղի ունեցած ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իրեն ուղղված հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ իրենց տարածած հայտարարության մեջ հստակ արձանագրել են գերիների և այլ պահվող անձանց վերադարձնելու անհրաժեշտությունը։ Միջազգային ատյաններում այս թեման մենք պարբերաբար բարձրացնում ենք»,- ասաց վարչապետը։
Նա ընդգծեց, որ ՌԴ նախագահի հետ արձանագրվել է, որ հարցի մասին ունեն նույնպիսի պատկերացումներ։ Անհեթեթ է այն հարցը՝ տվյալ անձը ռազմագերի՞ է, թե՞ ոչ, քանի որ համաձայնագիրը վերաբերվում է գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց։ Վարչապետն ասաց, որ չկա մի օր, որ ներկայացուցիչները չզբաղվեն գերիների, անհետ կորածների և զոհված մեր հայրենակիցների հարցերով։
Այդ իրավիճակի համար պատասխանատվություն է կրելու Ադրբեջանի նախագահը, որն ստանձնել է պարտավորություններ միջազգային հանրության առաջ և չի կատարում դրանք։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Բաքվից Երևան էր ժամանել ինքնաթիռ, որը ռազմագերիներ պետք է բերեր, սակայն եկել էր դատարկ։