Ապրիլի 16-ին Մոլդովայի Հանրապետության Նախագահ Մայա Սանդուն հանդիպել է Մոլդովայի հայ համայնքի փոխնախագահ Գենադի Բաբայանի և հոգևոր հովիվ տեր Նժդեհ քահանա Քեշինյանի հետ: Այս մասին հայտնում է Մոլդովայի նախագահի մամուլի ծառայությունը:
Երկրի ղեկավարը նշել է, որ հայերն ապրում են իրենց երկրում և Մոլդովայի ժողովրդի բաղկացուցիչ մասն են կազմում, իսկ Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին Քիշնևի ամենահին եկեղեցիներից մեկն է, որը կառուցվել է 1804 թվականին: Նախագահը շնորհակալություն է հայտնել զրուցակիցներին խաղաղության և առողջության բարեմաղթանքների համար և հասարակությանը միավորելու ու համընդհանուր նպատակներին հասնելու գործում պատրաստակամության համար:
«Մեր նպատակն է կառուցել մի պետություն, ուր յուրաքանչյուր մարդ իրեն ապահով կզգա, կհարգեն միմյանց և կկարողանան ապավինել պետական գերատեսչություններին, որոնք պետական փողեր կծախսեն քաղաքացիների կարիքների ու ոչ թե կոռուպցիոն սխեմաների վրա: Պետությունը որտեղ երիտասարդներն կունենան աշխատանք, իսկ տարեցները ՝ պատշաճ թոշակ», – ասել է Մայա Սանդուն:
Զրույցի ընթացքում պետության ղեկավարն ասել է, որ 30 տարի շարունակ մարդկանց փորձել են բաժանել ազգային, լեզվական և այլ հիմքերով: «Ցավոք, որոշ քաղաքական գործիչներ մինչ օրս շարունակում են շահարկել մարդկանց: Բայց եկել է ժամանակը հասկանալու, որ միայն միասին կարող ենք կառուցել երջանիկ հասարակություն և մեր ընդհանուր տունը ՝ Մոլդովան, դարձնել իսկապես ուժեղ և բարեկեցիկ երկիր», – ասել է Նախագահ Մայա Սանդուն: