Հայ ռազմագերիների մայրերի նամակը Մերկելին՝ հանձնեցի գերմանական նախագահությանը
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն անցել է Գերմանիային և ԵԽ Նախարարների կոմիտեում։ Այս մասին գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր նաիրա Զոհրաբյանը։
«Հայ ռազմագերիների հարցի քննարկման պատասխանատու երկրներից մեկը Գերմանիան է: Եվրոպական դատարանը Նախարարների կոմիտեին է ուղարկել բողոք, ըստ որի՝ Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրական թվի եւ վիճակի մասին տեղեկատվություն:
Այսօր Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում հանդիպել եմ գերմանական նախագահության անդամների հետ և քննարկել եմ հայ ռազմագերիների խնդիրը. գերմանական նախագահությանն եմ փոխանցել թե՛ Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ երեք հարյուր է:
Ինչպես նաև գերմանական նախագահությանն եմ փոխանցել բազմաթիվ վիդեոսյուժեներ, նյութեր, որոնք հստակ արձանագրում են հայ զինվորների և քաղաքացիական անձանց գերեվարությունը, արձանագրում են հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքը:
Եվ, քանի որ Ստրասբուրգ մեկնելուց հայ ռազմագերիների մայրերն ինձ փոխանցել էին իրենց ստորագրությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակը, ես այդ նամակը փոխանցել եմ գերմանական նախագահությանը՝ Մերկելին փոխանցելու համար»,- գրել է Զոհրաբյանը: