Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ապրիլի 24-ին ընդառաջ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը։ Նա գրել է․
«Բայդենի աշխատասեղանին երկու փաստաթուղթ է դրվել: Երկուսն էլ ապրիլքսանչորսյան ուղերձի նախագծեր են: Մեկը «Ցեղասպանություն» եզրույթով, մյուսն՝ առանց դրա: Որպես կանոն դրանք պատրաստվում են ԱՄՆ Անվտանգության խորհրդի և Պետդեպի կողմից:
Այն փաստաթուղթը, որը պարունակում է «Ցեղասպանություն» եզրույթը, հայ համայնքի բացառիկ աշխատանքի արդյունք է: Մյուսը, որում բառը չկա, ձևավորվել է թուրքական լոբբինգի արդյունքում: Նման լոբբինգի համար հիմք են ծառայել նաև Հայաստանի իշխանությունների թրքահաճո հայտարարությունները՝ ԱԽՔ, ԱԺ փոխխոսնակ, Մակունց ձևաչափով: Այս հայտարարություններն Անկարան ներկայացրել է որպես հայ-թուրքական հարաբերությունների կագավորման գործընթաց, որին կխանգարի ճանաչման փաստը: Այսինքն, Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները նույն գծի մեջ են:
Ի դեպ, կա նաև երրորդ փաստաթուղթը, որը շրջանառության մեջ է դրվել գիտահետազոտական շրջանակների կողմից դեռևս Թրամփի օրոք: Այս փաստաթղթում ԱՄՆ նախագահը հղում է տալիս Ռեյգանի հայտարարությանը և Կոնգրեսի 2 պալատների բանաձևերին, սակայն իր անունից չի օգտագործում «Ցեղասպանություն» բառը: Վստահ չեմ, որ այս փաստաթուղթը հասել է Սպիտակ Տուն:
Հ.Գ. Երբևէ որևէ նախագահ այսքան մոտ չի եղել Ցեղասպանության ճանաչմանը: Երբևէ»։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձեւ ընդունեց, որով հայերի կոտորածը պաշտոնապես ճանաչվում է որպես ցեղասպանություն: Ներկայացուցիչների պալատից հետո, 2019 թվականի դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց նույնաբովանդակ բանաձև:
Նշենք նաև, որ 1981 թ. ապրիլի 22-ին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր հայտարարության մեջ նշել է. «Հոլոքոստի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես Հոլոքոստին նախորդած Հայոց ցեղասպանությունը»:
Հետագա տարիներին ԱՄՆ նախագահները չեն օգտագործում «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը: Իր առաջին նախագահական խոսքում Բարաք Օբաման նույնպես խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, բայց հայերեն օգտագործեց «Մեծ Եղեռն» արտահայտությունը: