Մենք աշխատում ենք ռազմագերիներին «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով վերադարձնելու խնդրի վրա։ Ինչ վերաբերում է պուրակին, ապա հուսով ենք, որ Բաքուն և Երևանը կձգտեն գործնական քայլեր ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը, այլ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվում «պուրակի» բացմանը, որտեղ ներկայացված են հայ ռազմագերիների մանեկենները։
«Այո, հարաբերությունների մկարգավորումը դժվար է հատկապես զինված հակամարտությունից հետո։ Շատ դժվար է հաղթահարել այն։ Այո, շատերը համաձայն չեն արդյունքների հետ։ Բայց այս պահին մեր խնդիրը Հարավային Կովկասի երկրների համար վստահության և բարենպաստ առևտրատնտեսական պայմանների ստեղծումն է։ Դա բխում է բոլոր երկրների շահերից», – հայտարարել Է Զախարովան։
Նրա խոսքով, պետք է օգտվել խաղաղ պահից, այլ ոչ թե այս պահն օգտագործել իրավիճակը սրելու համար։
Պատասխանելով հարցին, ըստ որի՝ Բաքուն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին՝ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը, Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում՝ Երևանի և Բաքվի միջև տարաձայնությունները հարթելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող, այսպես կոչված, «ցուցահանդես-պուրակ» է բացվել: Այդ «Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: