«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական գործընթացներին ներգրավվել են նաեւ ուժայինները։ Երեկ Արարատի մարզի Մասիսի շրջանից ահազանգ ստացանք, որ ոստիկանապետը «կոնսուլտացիաներ» է սկսել համայնքապետերի հետ, թե ինչպես պետք է իրենց պահեն այս փուլում։ Համայնքապետերը խուսափում են խոսել այդ մասին։ Դարակերտի համայնքապետ Ղուկաս Սիմոնյանը՝ երբեմնի սրսուռ ՀՀԿ-ական՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի խնամին, հարցին՝ մինչ այս պահը ընդդիմադիրներից որեւէ մեկը գրասենյակ բացե՞լ է համայնքում, հեգնեց․ «Ընդդիմադիրը ո՞րն ա, հլա ասեք՝ հասկանանք, պետություն է»։ Ասաց, որ շարժ չկա։ Իսկ Դուք ո՞ր դաշտում եք լինելու։ «Որտեղ իշխանությունը, այնտեղ՝ ես, էլ հարց չտաք»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները փակուղի են մտել: Օրաթերթն իր աղբյուրներից պարզեց, որ անգամ նիստեր չեն գումարվում։ Տեղեկացնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ին ստորագրված եռակողմ փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նպատակով ՌԴ նախագահ Պուտինի առաջարկով ստեղծվել էր եռակողմ աշխատանքային խումբ՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Խմբի առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին, երկրորդը՝ փետրվարի 6-ին։ Հայկական կողմից խումբը նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է ՀԱԿ-ից պոկել որոշ հեղինակավոր անձանց եւ ընդգրկել իշխանության ցուցակում։ Խոսք է գնում տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, բժիշկ Վահան Վարդապետյանի մասին, որն Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Մեզ չհաջողվեց կապվել նրանց հետ, հեռախոսին չպատասխանեցին։ Ասում են՝ իշխանական ցուցակում կընդգրկվի նաեւ Տեր-Պետրոսյանի երբեմնի մերձավոր գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Մինչ Տեր-Պետրոսյանի վերջին քննադատությունները, Փաշինյանը փորձել է ՀԱԿ-ին համոզել, որ դաշինք կազմեն Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի հետ եւ զբաղեցնեն երրորդ ուժի դաշտը, սակայն մերժում է ստացել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկա ամիսներին ՀՀ-ում տիրելու է նախընտրական մթնոլորտ, քաղաքական ուժերից շատերն արդեն իսկ լայն թափով ձեռնամուխ են եղել ընտրական նախապատրաստական գործընթացներին։ Հատկանշական է, որ իշխանություններն ինչքան էլ փորձում են ցույց տալ, թե հատկապես գյուղական բնակավայրերում իրենց մոտ ամեն ինչ կարգին է, այնուամենայնիվ, լուրջ լարվածություն ունեն նաև մարզերում տիրող իրավիճակի հետ կապված։ Բանն այն է, որ մարզերում ևս Փաշինյանի ու նրա թիմի նկատմամբ, մեղմ ասած, բացասական վերաբերմունք է ձևավորված։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ Նիկոլ Փաշինյանին պարբերաբար զեկուցվում է մարզերում առկա «տխուր» իրավիճակը, ավելին՝ ըստ կանխատեսումների, նախընտրական շրջանում բավականին լարված մթնոլորտ է լինելու, ընդհուպ՝ տեղերում չեն բացառվում ամենատարբեր բախումները»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սանիթեք» ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության գործընթացից դուրս մղվելուց հետո երկար ժամանակ ոչինչ չէր նախաձեռնում եւ արբիտրաժային դատարան դիմեց մոտ 2 տարի անց։ Ինչո՞ւ այդքան ուշ։ Պարզվում է՝ արբիտրաժ դիմելու հիմքերը բավականին թույլ են եղել, եւ միայն վերջերս են հայթայթել գաղտնի փաստաթղթեր, որոնք հնարավորություն կտան հաղթելու։ Բայց զավեշտն այն է, որ փաստաթղթերը տրամադրել է նույն անձը, ով նրանց դուրս էր մղել Երեւանից՝ Հայկ Մարությանը։ Այդ փաստաթղթերը վերաբերում են կառավարության գործունեությանը, եւ կատարվածի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանն են։ Սա Մարության-Փաշինյան հակասությունների հերթական դրսեւորումն է։ Տեղեկատվությունը «Սանիթեքին» տրամադրվել է արտասահմանում՝ միջնորդի միջոցով, հունվարին»։