ԱԺ նիստն ավարտվեց։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես և պետք է լիներ ըստ պայմանավորվածության, վարչապետ չընտրվեց։ Հաջորդ նիստը կկայանա մայիսի 10-ին։ Հարցի քվեարկությունը ստացավ 1 «կողմ», 3 «դեմ» և 75 «ձեռնպահ» ձայն: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը, որի ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք քվեարկելու են «ձեռնպահ»:
Ազգային ժողովի հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ, երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրում է՝ առաջնորդվելով տվյալ ընթացակարգով: