«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքով Սյունիքից ընտրված, սակայն մանդատ ստանալուն պես խմբակցությունից հեռացած պատգամավոր Աննա Գրիգորյանը, ըստ լուրերի, կհանգրվանի Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքում՝ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանի» քվոտայով։ Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին Գրիգորյանը կհայտարարի, թե որ ուժի հետ է շարունակելու քաղաքական պայքարը, նա հրապարակավ իր աջակցությունն է հայտնելու նախկին մարզպետ Վահե Հակոբյանին»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանություններն ամեն ինչ վառ գույներով հրամցնելու տենդի մեջ անընդհատ ներկայացնում են թվեր, որոնք, ըստ տնտեսագետների մեծամասնության, իրականությունից շատ հեռու են: Մասնավորաբար, քաղաքացիներն ամեն օր շոշափելիորեն զգում են մեծ գնաճ, սակայն պաշտոնական թվերը բոլորիս համոզում են, որ մեր տեսածին ու մեր գրպանի վրա զգացածին չհավատանք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արտահերթ ընտրությունների հնարավոր ելքի մասին խոսում են ամեն օր: Նույնիսկ նորաբաց ու անհասկանալի նպատակներ ունեցող կուսակցություններն իրենց թիմակիցներին վստահեցնում են իրենց թիմի հաղթանակի մեծ հավանականության մասին, եւ ամեն մեկը փորձում է ինչ-որ կերպ աչքի ընկնել ու ցույց տալ, թե ինչքան հայրենասեր է, որքան խելացի ու բանիմաց է իր թիմը: Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող հայտնի ընկերություններից մեզ հայտնեցին, որ իրականում գրեթե կրկնվում է 2018թ.-ի սցենարը. որքան շատ են երեւում նախկինները կամ նախկինների հետ ասոցացվող մարդիկ, այդքան ուժեղանում է Փաշինյանի շուրջ մոբիլիզացիան: Մեզ փոխանցեցին, որ մինչեւ այս ամսվա վերջ կհրապարակվեն ավելի կոնկրետ թվեր, բայց այս պահին Փաշինյանի վարկանիշը բարձր է»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք ապրիլի 1-ին գրել էինք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են ձեւավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին աշխատակիցներ, բարձրաստիճան սպաներ։ Նախաձեռնությունն արդեն գրանցված է, կոչվում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ։ Այն նաեւ գրասենյակ ունի։ Հիմնադիրներն են ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյանը եւ ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը։ Խորհրդի անդամներից է նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարության կողմից ներկայացրած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» նախագիծն առաջացրել է իրավապահ համակարգի դժգոհությունը: Այն այսօր պետք է քննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում: Ըստ արդարադատության նախարարության տվյալների՝ օրենքը կարող է տարածվել 5131 քաղաքացու վրա։ Սակայն դեռ խորհրդարան չհասած՝ արդեն իսկ բուռն քննադատության է արժանացել նախագիծը»։