Ադրբեջանի վարած քաղաքականությունից տպավորություն է, որ այդ մարդիկ չունեն մշակութային պատմություն: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի քանդմանը:
Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող քայլերը Մակունցը որակեց որպես ռասիստական քաղաքականություն։
«Եվ հայկական մշակույթին հենց նման մոտեցմամբ են վերաբերվում՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը»,- հավելեց նա։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ այս հարցը պետք է լինի միջազգային բոլոր կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ուշադրության կենտրոնում՝ հետագա լուծումների առումով։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նկատեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ վերաբերմունքը և շաբաթներ առաջ Բաքվի կողմից «պուրակի» բացումը հերթական վկայությունն են այն բանի, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է։ Ըստ ԱԺ նախագահի՝ աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը։
Հիշեցնենք՝ Արցախի ՆԳՆ նախարարության մամուլի խոսնակը լուսանկարներ էր հրապարակել և տեղեկացրել, որ ադրբեջանցիները Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները հանել են: