Ազգային ժողովում երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկվեց Քրեական օրենսգրքի նախագիծը։
Ներկայացնելով այն՝ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը նշեց․
«Նախագիծը Էապես լրամշակվել ու կատարելագործվել է։ Այն սահմանում է նաև նոր պատժատեսակներ, որոնք հնարավորություն կտան անձին վերասոցիալականացվել՝ առանց նրանց հասարակությունից մեկուսացնելու։ Նոր քրեական օրենսգրքի ընդունմամբ հանցավորության դեմ պայքարը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ՝ ապահովելով դատական որոշումների արդարացիությունն ու կատարված հանցագործությունների համար պատժի անխուսափելիությունը: Փաստաթուղթն ուժի մեջ մտնելու պահին աշխատանքներ են տարվելու դատավորների, դատախազների, քննիչների և փաստաբանների վերապատրաստման ուղղությամբ, ինչը թույլ կտա ձևավորել միասնական իրավակիրառ պրակտիկա»։
Փոխնախարարը նշեց, որ ազատազրկումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց, որի նպատակով այս նախագծով պատժի համակարգն ու համապատասխան հոդվածները խմբագրվել են։
Երկրորդ ընթերցմամբ ՔՕ-ում ներառվել են ևս 2 տեսակի հանցագործություններ, որոնք վերաբերում են նաև էթնիկ, ազգային և կրոնական խմբերի մշակութային հուշարձանների ոչնչացմանը։