Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից։
Շնորհավորելով դիվանագետին առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով, բայց, այդուհանդերձ, առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին:
«Պետք է մեծ ուշադրություն դարձնել տնտեսական գործընկերության խորացմանը, քանի որ այն համագործակցության զարգացման կարևորագույն ցուցիչներից է», – ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, Ղազախստանում կենսունակ հայ համայնք կա, և Հայաստանը երախտապարտ է Ղազախստանին՝ համայնքի գործունեության պայմանների ու հնարավորությունների համար:
Դեսպանը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և վարչապետ Ասկար Մամինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել, որ պատրաստ է գործադրել առավելագույն ջանքերը՝ զարգացնելու հայ-ղազախստանյան քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար գործընկերությունը: Բոլատ Իմանբաևը համակարծիք է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որ տնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք չի իրացվում, և ինքն ակտիվ աշխատելու է ինչպես տնտեսական, այնպես էլ փոխշահավետ մյուս ուղղություններով: Դեսպանը բարձր է գնահատել հայ համայնքի դերը իր երկրի հասարակական կյանքի տարբեր բնագավառներում՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական վերջին ընտրություններում Ղազախստանի խորհրդարան հայազգի պատգամավոր է ընտրվել:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ղազախստանյան հարաբերությունների օրակարգի և այն հարստացնելու ուղղությամբ անելիքների շուրջ: