Կառավարությունը հաստատել է շրջանառության մեջ դրված որոշման նախագիծը, որով բուհերի հոգաբարձուների խորհրդում իշխանությունը ստանում է 65% ներկայացվածություն նախկին 50%-ի փոխարեն, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնաբաժինը 25%-ից դառնում է 10%։ Այս մասին հայտնել է ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի – Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը։
«Ու ոչինչ, որ որոշման նախագիծն ակնհայտ հակասություններ ունի Սահմանադրության հետ, ոչինչ, որ բուհերի ռեկտորների խորհուրդն իր բացասական դիրքորոշումն է արտահայտել այս նախագծի վերաբերյալ։
Բնականաբար մոռացվել են նաև բուհերի քաղաքական կախվածությունը զրոյացնելու և ինքնավարությունը մեծացնելու խոստումները։
Ի դեպ, e-draft համակարգում նախագիծը պետք է շրջանառվեր մինչև մայիսի 14-ը, և մինչ այդ հնարավոր էր կողմ կամ դեմ քվեարկել: Բայց, չգիտես ինչպես, մայիսի 4-ին որոշումն ընդունվում է:
Դե ինչ, իշխանությունը փորձելու է իր «սրտի թեկնածուին» կարգել ԵՊՀ ռեկտոր, բայց մոռանում է, որ այդ «ռեկտորը» պետք է աշխատի համալսարանականների հետ։
Չեմ կասկածում, որ համալսարանական գործընկերներս սկզբունքայնություն կցուցաբերեն այս հարցում, և ռեկտոր կարգված անձը չի կարողանա մտնել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ»,- գրել է ԵՊՀ աշխատակիցը։