ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար գրավոր ընթացակարգ սահմանել առաջարկող օրինագիծը:
Առաջարկվող փոփոխությունները միտված են Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն՝ նպաստելով ողջամիտ ժամկետում գործերի քննությանը։
Գործող օրենսգրքերով վարչական գործերի քննության համար գրավոր կամ պարզեցված կարգ նախատեսված չէր, ինչը շարունակաբար հանգեցրել է դատարանների ծանրաբեռնվածության մեծացմանը: Ուստի առաջարկվել էր վերոնշյալ գործերի քննության համար վարչական դատավարությունում ներդնել գրավոր ընթացակարգ:
Գրավոր ընթացակարգի պայմաններում գործի քննությունն իրականացվում է առանց «բանավոր լսումների», առանց կողմերի ուղղակի մասնակցության: