ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն առաջացրել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տարակուսանքը:
Նրա խոսքով՝ սովոր են ՀՀ առաջին նախագահից լսել բոլորովին այլ տեքստեր։
«Ինձ համար, որպես նախկինում առաջին նախագահի հետ քաղաքական թիմի մաս հանդիսացող մարդ, շարժման մաս հանդիսացող մարդ, որը հիմնված է եղել արժեքաբանական հենքի վրա, իհարկե, այդ հայտարարությունը տարակուսանք առաջացրել է: Շարժման՝ 2008-ի տրամաբանական շարունակությունը եղել է 2018-ին՝ այս անգամ արդեն ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։ Այն եղել է միևնույն արժեքաբանական հենքի վրա»,- նկատեց Մակունցը:
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Տեր- Պետրոսյանը նաև ասել էր՝ ամբողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները։