ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհավորեց նրան մեր երկրում դեսպան նշանակվելու առթիվ եւ վստահություն հայտնեց, որ Գալագերի պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն:
«Մենք շահագրգռված ենք ընդլայնել եւ խորացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները եւ կարեւորում ենք Ազգային ժողովի դերն այս երկխոսության մեջ»,- նշեց Արարատ Միրզոյանը:
Խորհրդարանի ղեկավարը կարեւոր համարեց Միացյալ Թագավորության աջակցությունը մեր երկրում տարբեր ոլորտների զարգացման գործում. «Որպես ԱԺ նախագահ՝ արժեւորում եմ Միացյալ Թագավորության մասնակցությունը ՄԱԿ-ի՝ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրում, որով արձանագրվել են կոնկրետ եւ շոշափելի արդյունքներ»:
Անդրադառնալով խորհրդարանների միջեւ համագործակցությանը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս հայտնեց, որ համավարակի հաղթահարմանը զուգընթաց բարեկամական խմբերի միջեւ շփումներն ավելի կակտիվանան:
Օգտվելով առիթից՝ ԱԺ նախագահը Հայաստան հրավիրեց Միացյալ Թագավորության խորհրդարանում մեր երկրի հետ բարեկամական խմբի անդամներին:
Միրզոյանը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ առանձնակի բարբարոսական վերաբերմունքի վերաբերյալ. «Ցավոք, Ադրբեջանը շարունակում է ակնհայտ հայատյաց քաղաքականությունը եւ ագրեսիվ հայտարարությունները, ինչի վառ օրինակն է Ադրբեջանի նախագահի կողմից պուրակի բացումը Բաքվում»:
Դեսպանը նշեց, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանմամբ: