«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց ՔՊ հանրային կապերի համակարգող, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նա մանրամասնեց, որ ՔՊ նախընտրական շտաբը համակարգելու են Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:
Վագահն Ալեքսանյանը նշեց, որ Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանն ու Արսեն Թորոսյանը նախընտրական շտաբի աշխատանքները կատարում են աշխատանքային ժամերից հետո, երեկոյան ժամը 19։00-ին։
Հարցին՝ իսկ ՔՊ կուսակցության շտաբի ղեկավարն ու անդամները երբ են արձակուրդ գնալու, կուսակցության հանրային կապերի համակարգողը պատասխանեց․ «Այն ժամանակահատվածում, երբ անհրաժեշտ կլինի աշխատանքային ժամերին ևս նախընտրական գործընթացներին մասնակցել, այդ ժամանակ արձակուրդ կգնան։ Այս պահին յուրաքանչյուրն իր գերատեսչությունում է և զբաղվում է իր աշխատանքով»։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։