2020 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների համար հատկացվել է 363 178 700 դրամ: Այս մասին են վկայում Հաշվեքննիչ պալատի տվյալները, որոնք ներկայացրել են 2020 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի հետազոտության արդյունքները:
Ըստ ներկայացված աղյուսակի՝ միայն 2020 թվականի դեկտեմբերին պարգևավճարների համար հատկացվել է 238 821 700 դրամ: Հետաքրքրական է, որ նույն ամսվա ընթացքում վարչապետի աշխատակազմի աշխատողների աշխատավարձի ֆոնդը կազմել է 195 695 700 դրամ: Այսինքն՝ անցյալ տարվա դեկտեմբերին ավելի շատ պարգևավճար են վճարել, քան աշխատավարձ:
Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ին վարչապետի աշխատակազմին, որը կազմում է 500 մարդ, աշխատավարձ և պարգևավճարներ վճարելու համար հատկացվել է 2 566 055 800 դրամ, որի կեսից մի փոքր ավելին՝ 1 234 181 400 դրամը՝ աշխատավարձերի տեսքով, իսկ 363 178 700 դրամը՝ պարգևավճարների տեսքով, մնացածը` եկամտահարկի, արձակուրդի վճարի, տարբեր արտոնությունների, սոցիալական նպաստների համար:
Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ վարչապետի 2020 թ. դեկտեմբերի 25-ի որոշումը հակասում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին, որի 22-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, աշխատողին վճարվում է ամսական աշխատավարձ։