Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և այդ համատեքստում մտքեր փոխանակել այսօր ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմամբ, ինչը կարևոր է համագործակցության զարգացման համար: Այս առումով Նիկոլ Փաշինյանը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների խախտման փորձերը:
Զրուցակիցները ևս մեկ անգամ գոհունակությամբ փաստել են հայ-վրացական հարաբերությունների դարավոր բարեկամական բնույթը, որն ամուր հիմք է բարեկամության և փոխշահավետ գործակցության խորացման համար:
Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել է տրանսպորտային կոմունիկացիաների, ներառյալ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը: Կողմերը հետաքրքրվածություն են հայտնել այս ուղղությամբ համատեղ նոր ծրագրեր նախաձեռնելու հարցում և պայմանավորվել ինտենսիվ աշխատել: Երկուստեք հեռանկարային է համարվել փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ ակտիվ աշխատանքը:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների հարցին և փոխանակվել դրանց վերացման ուղղությամբ կատարվող քայլերի վերաբերյալ տեղեկատվությամբ:
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել.
«Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հետ հանդիպելը։ Դուք հիշատակեցիք կորոնավիրուսի համավարակը, դա բոլոր երկրներին և ժողովուրդներին անդրադարձավ։ Չնայած դրան՝ ես մեծ պատվով և հարգանքով եկա և հյուրընկալվեցի։ Մեր ժողովուրդների միջև, ինչպես գիտենք, բարեկամական կապեր են՝ ոչ միայն զուտ հարևանային։ Մեր հարաբերություններն ու բարեկամությունն ունեն դարերի պատմություն, և մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում և ողջ տարածաշրջանում լինեն խաղաղություն, կայունություն, զարգացում։ Դուք հիշատակեցիք նաև մեր այսօրվա օրակարգը, որը կարող է լինել բազմակողմանի։ Մենք պետք է քննարկենք՝ ինչպես զարգացնենք մեր առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունները, այնպիսի հարցեր, ինչպիսին տրանսպորտն է, լոգիստիկան։ Այս հարցերը մեզ էլ ավելի կմերձեցնեն, իհարկե, նաև տարածաշրջանային պրիզմայով։
Եվս մեկ անգամ նշեմ՝ այստեղ գտնվելն ինձ համար մեծ պատիվ է։ Վստահ եմ, որ մեր հանդիպումն արդյունավետ կլինի։ Շնորհակալություն»։
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի վարչապետը։
Ի դեպ, նշենք, որ դեռևս 2017 թվականին Իրանն առաջարկել էր տարածաշրջանի երկրներին միջանցք կառուցել Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Նախագծի շրջանակներում նախատեսվում էր կազմակերպել իրանական բեռների մուտքը ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստանի տարածք (Երասխ), որտեղից երկաթուղային տրանսպորտով պետք է տեղափոխվեր վրացական նավահանգիստներ, իսկ այնտեղից արդեն լաստանավով Եվրոպա: