Մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրեց Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշեց ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:
Երկուստեք կարևորվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:
Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական կողմն առաջ է եկել Սյունիքի մարզում։ Շրջանառվող լուրերով՝ Իշխանասարի ուղղությամբ, իբր, ընթանում էին մարտեր։ ՀՀ ՊՆ-ն, սակայն, հերքեց այս լուրերը՝ պարզաբանելով, որ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ ադրբեջանական կողմը փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։