ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ կապված Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման հետ:
«Ես խորապես մտահոգված եմ վերջին տեղեկություններով, որ ադրբեջանական զորքերը հատել են Հայաստանի սահմանը: Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել մարդկային նոր զոհերի: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գիտակցեն, որ մեր վարած քաղաքականությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դրդեց ռազմական սրացման, ինչը հղի է նոր պատերազմի ռիսկերով»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը Facebook-ի իր էջում:
Շիֆը շեշտել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին, որը «ոտնահարում է մարդու իրավունքները և հարևանների ինքնիշխանությունը»:
«Իմ կոչը Բայդենի վարչակազմին այն է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի ակտիվ ներգրավվի Մինսկի խմբի գործունեության մեջ։ Այս հարցն առավել քան արդիական է: Ադրբեջանը ձեռնարկեց այս գործողությունները՝ Պետդեպարտամենտի կողմից անհիմն կերպով հրաժարվելով Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածի սահմանափակումներից: Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի երկրի, որը ոտնահարում է մարդու իրավունքները և հարևանների ինքնիշխանությունը»,-ասել է Ադամ Շիֆը: