Ադրբեջանական զորքերի համարձակ ներխուժումը Հայաստանի տարածք և ինքնիշխան սահմանների ոտնահարումն արդյունք են ոչ միայն Բաքվի ագրեսիվ քաղաքականության՝ միջազգային իրավունքի նորմերը սիստեմատիկորեն խախտելու, այլև հասկանալի և կոշտ դիրքորոշման բացակայության:
Այս մասին նշված է կառույցի կայքում տեղադրված Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի հայտարարության մեջ:
Արա Աբրահամյանը նշել է, որ մայիսի 12-ի առավոտյան Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ սկսեցին հայտնվել լրատվամիջոցներում: Բաքվի կողմից նման ներխուժումը բացահայտ սադրանք է, որը կարող է հանգեցնել ռազմական բախման: Իրավիճակը սրվում է ՀՀ իշխանությունների կողմից պաշտոնական հավաստի տեղեկատվության բացակայությամբ, ինչը, իր հերթին, հասարակության մեջ խուճապի տեղիք է տալիս:
«Հասարակությունն իրավունք ունի Փաշինյանից և նրա թիմից, որոնք երկիրը հասցրել են այսպիսի վիճակի, անհապաղ պահանջել քայլեր ձեռնարկել քաղաքացիների սահմաններն ու անվտանգությունն ապահովելու համար՝ անարխիկ պատահական կառավարման և իրավիճակը սրելու փոխարեն», – ասաց Արա Աբրահամյանը: