Կարո՞ղ է Հայաստանը դառնալ դարպաս՝ Եվրոպայի և Ասիայի միջև և կապել Պարսից ծոցը Սև ծովի հետ։ Հայաստանի տրանզիտային ներուժի մասին խոսվում է անկախությունից ի վեր, դա պայմանավորված է աշխարհագրական դիրքով։
Հայաստանն Իրանը Սև ծովին կապող ամենակարճ տարբերակներից մեկն է։ Չնայած այդ հանգամանքին՝ անկախության երեք տասնամյակների ընթացքում չի հաջողվել իրականացնել տարանցիկ երկիր դառնալու ներուժը։
Համաձայնագրի դրաֆտը պատրաստ է։ Այս մասին ասում է ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ «Մասնակից երկրները գրեթե ավարտին են հասցնում համաձայնագրի վերջնական տարբերակը»,- ասաց նա։
Նախատեսվում է կառուցել տրանսպորտային միջանցք, որը կձգվի Պարսից Ծոցից Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով, կհասնի Սև ծով, որտեղ արդեն նավերի միջոցով բեռները կտեղափոխվեն Բուլղարիա և Հունաստան։
«Կան նախագծեր, որոնք բացի տնտեսականից, ունեն նաև աշխարհաքաղաքական, մեզ համար՝ անվտանգային կարևորություն։ Դրանցից մեկը նույն հյուսիս-հարավ ճանապարհն է, նույն Իրան-Հայաստան երկաթգիծը»,- ասում է Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Նա նշում է, որ սրանք համազգային անվտանգության կարևորություն ունեցող խնդիրներ են, որոնք կազմում են ՀՀ անվտանգության առանցքը։
Մանրամասները՝ տեսանյութում․