ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
«Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը:
Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու և բարեկամական վերաբերմունք արտահայտելու համար:
Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին»,- ասված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում են Ելիսեյան պալատից, Ֆրանսիան կողմ է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասնակցությամբ։
«Հանրապետության նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացումը»,- հայտնել են Մակրոնի աշխատակազմից:
«Ֆրանսիան ձգտում է տարածաշրջանում լարվածության թուլացմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ այդ տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման նպատակով»,- ընդգծել են Ելիսեյան պալատում:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին, ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈՒ-ն «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Նույն օրը երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3, 5 կիլոմետր։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ-ին դիմելու մասին։